Հրաձիգ Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը բրոնզե մեդալակիր է

23.07.2026, 11:52
Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցեցին միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթեց Հայկ Մինասյանին և դուրս եկավ եզրափակիչ
Հրաձիգ Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հրաձիգ Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ 

Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարեցին որակավորման փուլը և անցան կիսաեզրափակիչ փուլ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ 

Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցեցին միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթեց Հայկ Մինասյանին և դուրս եկավ եզրափակիչ։ 

Եզրափակիչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 

Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթեց կորեացի մարզիկին և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Բացի այդ, ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ 

Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավոր արդյունքով նվաճել են ոսկե մեդալ՝ ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին այս առաջնությունում։