Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ վերանորոգել սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը․ Փաշինյան

05.11.2026, 16:49
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ վերանորոգել Անիի պատմական կամուրջը և հաստատել են համապատասխան նախագիծը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ վերանորոգել սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը և հաստատել են համապատասխան նախագիծը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա պայմանավորվածություն, որ մենք պետք է համատեղ իրականացնենք կամրջի նորոգման աշխատանքները։ Համատեղ նախագիծ է հաստատվել, և, որպեսզի ընթացակարգային բարդությունների մեջ չընկնենք, որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Առաջիկայում այդ ընթացակարգերը մենք կանցնենք, և Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը կմեկնարկի», - հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն առաջիկայում կավարտի անհրաժեշտ ընթացակարգերը, որից հետո կսկսվեն կամրջի վերականգնման աշխատանքները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատմական կամրջի վերականգնման մրցութային գործընթացը թուրքական կողմն ավարտել է։

Անիի կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա, որով անցնում է հայ-թուրքական սահմանը։ Կամրջի վերականգնումը Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում քննարկվող նախագծերից մեկն է։