Բարձր աշխատավարձ ստացողների սոցիալական կրեդիտների հնարավորությունը կնվազեցնենք՝ դրանք վերահասցեագրելով առավել կարիքավորներին․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բարձր աշխատավարձ ստացողների սոցիալական կրեդիտների հնարավորությունները նվազեցնելու և ազատված հնարավորություններն առավել կարիքավոր սոցիալական խմբերին ուղղելու ծրագրերի մասին։
«Հիմա, օրինակ, 10 միլիոն դրամ ստացողն էլ է նույն սոցիալական կրեդիտի հնարավորությունն ունի, 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներն էլ, 5 միլիոն դրամ ստացողներն էլ, 100 հազար դրամ ստացողներն էլ», - ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` համակարգի ներդրման առանցքային նպատակներից մեկը հենց նման իրավիճակներում առավել հասցեական սոցիալական քաղաքականություն վարելն է։
«Մենք առաջիկայում ի՞նչ կանենք․ բարձր աշխատավարձ ստացողների սոցիալական կրեդիտների հնարավորությունը կնվազեցնենք և նրանց եկամտային հարկի հաշվին կավելացնենք նրանց սոցիալական կրեդիտները, ով դրա կարիքն ավելի շատ ունի», - հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ ցանկալի կլիներ այդ փոփոխություններն իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից, սակայն դեռևս անհրաժեշտ է լրացուցիչ վերլուծական աշխատանք կատարել՝ հնարավորինս դիպուկ լուծումներ մշակելու համար։
«Համընդհանուր հայտարարագրման համակարգի կարևորագույն նպատակներից մեկը սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելն է և տեսնելը, թե ովքեր առավել շատ ունեն դրա կարիքը, և տեսնել, որ նրանք, ովքեր օբյեկտիվորեն չունեն դրա կարիքը ՝ նրանցից վերահասցեագրել սոցիալական կրեդիտները դեպի ավելի խոցելի կամ ավելի կարիքավոր, կամ օբյեկտիվորեն ավելի կարիքավոր սոցիալական խմբեր։ Մենք այս ուղղությամբ անպայման և միանշանակ գնալու ենք», - նշել է վարչապետը։

