Բեռնատարը չունի ՀՀ պետհամարանիշներ և հայկական հաշվառում․ Խուդաթյանը՝ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած վթարի մասին
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարին մասնակցած բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը», - գրել է Խուդաթյանը Facebook–յան իր էջում։
Նախարարն անդրադարձել է նաև վթարի վայրում ճանապարհի գծանշումներին և երթևեկության նշաններին։
«Ի պատասխան մամուլում հրապարակվող ակնհայտ քաղաքական շահարկումների՝ տեղեկացնում եմ, որ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը եղել է երթևեկության նշաններով կահավորված, ինչն ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում», - նշել է նա։
Անդրադառնալով բեռնատարի տեխնիկական զննության վերաբերյալ պնդումներին՝ Խուդաթյանը գրել է․ «Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել, արդյո՞ք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ»։
Նա ցավակցել է ողբերգական վթարի զոհերի հարազատներին։
«Իսկ վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն», - գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի երեկոյան Ապարան — Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան գյուղի մոտակայքում: Բախվել են չորս տրանսպորտային միջոցներ՝ Jeep Compass, Opel Zafira, Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը:
Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք տուժածներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

