Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

05.11.2026, 21:38
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը  պարզաբանել է անչափահասի ինքնազգացողությունը վատանալու աղմկահարույց դեպքը
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Երևանում անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է։

Սարգսյանի խոսքով, անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։

«ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն, սոցցանցում արված ցանկացած գրառում»,-գրել է Սարգսյանը՝ հավելելով, որ որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև Վարչապետի ճեպազրույցի ընթացքում։

Նարեկ Սարգյանի խոսքով, իրականությունն այն է, որ կատարված ստուգումներով պարզվել է՝ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։

«Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,-եզրափակել է Սարգսյանը։