Երևանում վաղ առավոտյան Mercedes Sprinter–ը հետիոտնային անցման վրա մահացու վրաերթի է ենթարկել 72–ամյա տղամարդու
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

