Ե՞րբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել․ Փաշինյանն իրատեսական ժամկետներ է նշել
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել 2027 կամ 2028 թվականին։
«Այսօր մենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում էինք այդ հարցը: Մենք նաև ներքին կարգով ենք քննարկել այդ հնարավորությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե պարզապես տեխնիկական քայլ անել՝ ասելով, որ մենք սեղմել ենք «ուղարկել» կոճակը և ուղարկել ենք դիմումը։ Շատ կարևոր է, որ այս ամբողջ գործընթացն ուղեկցվի այս կարևոր թեմայի շուրջ քաղաքական երկխոսությամբ։ [...] Ես կասկած չունեմ, որ ժամանակը գալու է, և դա շատ հեռու չէ», – ասել է նա Բրյուսելում Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում պատասխանելով հարցերին։
Հստակ ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է. «Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել»։
Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ներկայում Հայաստանը կենտրոնացած է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության վրա, և նպատակն է մինչև 2029 թվականը հասնել վիզայիների ազատականացմանը։
«Դա կլինի հերթական շատ կարևոր փուլը Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման համար», – ասել է նա։
Այս համատեքստում Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները համակարծիք են, որ ՀՀ–ԵՄ հարաբերությունները ներկայում գտնվում են իրենց պատմության ընթացքում ամենաբարձր կետում։
ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ծրագրերի մասին
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որն ապրիլի 4-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Փաստաթուղթն ինքնին չի նշանակում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում։
2025 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն հաստատել են գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, իսկ 2026 թվականի մայիսին կայացել է Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։
2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կարող է մեկնարկել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին, քանի դեռ այն համատեղելի է Եվրամիության հետ մերձեցման հետ։
Հանրաքվեի անցկացումը կապվում է ԵՄ-ին անդամակցության հայտի ներկայացման, դրական արձագանք ստանալու և հետագա քայլերն ու ժամկետները որոշելու հետ։

