«Թող ընդդիմությունը տա հնարավորություն, ժողովուրդը որոշի»․ Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության մասին
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ չի հասկանում, թե որն է ընդդիմության տրամաբանությունը թույլ չտալու, որպեսզի Հայաստանի ժողովուրդն ինքը որոշի՝ ընդունե՞լ նոր Սահմանադրությունը, թե՞ ոչ։
«Ես չեմ համարում, որ լեգիտիմ է առաջարկ չլսած մերժել կամ որևէ տեքստ չտեսած մերժել։ Դա ուղղակի տրամաբանական չէ․ պետք է մի բան տեսնես, նոր մերժես», - ասել է Ռուբինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը կարող է նախ ծանոթանալ նախագծին, ապա, եթե այն համարի անընդունելի, բավարար ձայներ չտալ Ազգային ժողովում։
«Եթե ենթադրենք՝ իրենք ճիշտ են, և դա շատ վատ Սահմանադրություն է, շատ լավ, թող տան հնարավորություն, որպեսզի ժողովրդի դատին հանձնենք։ Թող իրենք գլխավորեն «ոչ»-ի շտաբը և ժողովրդի դատին ներկայացնեն իրենց դիրքորոշումը», - նշել է Ռուբինյանը։
Նա հիշեցրել է նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ թեև իշխող ուժն ուներ խորհրդարանական մեծամասնություն, քաղաքական ճգնաժամի պայմաններում որոշում է կայացվել արտահերթ ընտրությունների միջոցով երկրի հետագա ընթացքի հարցը թողնել ժողովրդի որոշմանը։
Ռուբինյանի խոսքով՝ եթե նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դրվի, իսկ ժողովուրդը դեմ քվեարկի, դա կարող է նոր քաղաքական իրավիճակ ստեղծել, այդ թվում՝ բացասական հետևանքներ ունենալ իշխանության համար։
Անդրադառնալով ընդդիմության հնարավոր մտահոգությանը, թե հանրաքվեի ժամանակ կարող են կիրառվել վարչական ռեսուրսներ կամ կեղծիքներ, ԱԺ նախագահը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի պատմության մեջ միակ ուժն է, որը ընտրություն չի կեղծել։
Ալիևյան սահմանադրության մասին
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը», Ռուբինյանը նշել է, որ Հայաստանում նման սահմանադրություն ընդունելու առաջարկ չկա։
«Տրամաբանական է, որ ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան Սահմանադրությանը, ուղղակի մի փոքրիկ նյուանս կա․ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան Սահմանադրություն։ Հայաստանում առաջարկ կա, և այն կհրապարակվի տեքստի ձևով՝ ընդունել նոր Սահմանադրություն, որը կլինի հայկական Սահմանադրություն՝ քվեարկված Հայաստանի ժողովրդի կողմից», - ընդգծել է ԱԺ նախագահը։

