«Քաղաքական ուժերն իրենց ասածի համար պետք է պատասխան տան, բայց ընտրություններում»․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Քաղաքական ուժերը պետք է իրենց հայտարարությունների համար պատասխան տան ընտրություններում, այլ ոչ թե վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվեն, բացառությամբ ժողովրդավարական երկրներում ընդունված դեպքերի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդավարույթունը հենց այդպես էլ պետք է աշխատի․ մարդիկ իրենց ասածի համար պետք է պատասխան տան, բայց ընտրություններում», - ասել է Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա նշել է, որ ընդդիմությունն արդեն պատասխան տվել է ՏԻՄ ընտրություններում՝ հավելելով, որ այժմ այդ ուժերը պետք է որոշեն՝ շարունակել նույն ճանապարհը, թե ոչ։
«Եթե իրենք որոշեն, որ շարունակում են, դա մեզ համար լավ սցենար է», - ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձել է նաև զինծառայողի՝ Ադրբեջանի տարածք անցնելու միջադեպի վերաբերյալ հնչած վարկածներին։ Նրա խոսքով՝ դիվերսիայի վարկածն առաջ քաշելով՝ ընդդիմությունը թիրախավորել է բանակը։
Փաշինյանը նշել է, որ եթե միջադեպը դիտարկվեր որպես մոլորվելու հետևանք, ապա պետք է պատասխան տրվեր նաև այն հարցին, թե ինչպես է զինծառայողն անցել Ադրբեջանի սահմանային գիծը։
Նա նաև ընդգծել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունը՝ նշելով, որ նախկինում բանակի մասին չխոսելու մոտեցումը ձևավորել է «ծխածածկույթ»։
«Շատ կարևոր է, որ զինված ուժերը լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Մեր երկրում եղել է մոտեցում, որ բանակի մասին եկեք չխոսենք, բանակի մասին չի կարելի խոսել։ Վերջում տեսել ենք՝ դա ինչի է բերել։ Մենք ձևավորել ենք մի ծխածածկույթ, բայց իրականությունը այդ ծխածածկույթի տակ բոլորովին այլ է եղել», — ասել է Փաշինյանը։

