«Դիմել ենք երրորդ երկրներին, իրենց ասել են՝ գործ չունեք․ Միրզոյանը՝ գերիների մասին
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայ գերիների ազատ արձակման հարցով Հայաստանը դիմել է երրորդ երկրների գործընկերներին, սակայն նրանց ասել են՝ «գործ չունեք» այդ հարցի հետ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Դա (գերիների վերադարձի հարցը, խմբ․) մեր մշտական օրակարգի մասն է։ Ինչու՞ չեմ սիրում դրա մասին անընդհատ ասել. որովհետև այնքան զգայուն հարց է՝ կամ արդյունք կա, կամ չկա։ Ինչքան ուզում ես օրը 24 ժամ դրա մասին խոսիր, ո՞վ է գնահատում։ Ո՞ւմ է պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում։ Արդյունքն այստեղ շատ կոնկրետ է և չափելի. պահվող անձն ազատ արձակվում է, թե՞ ոչ», - ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին հարցին։
Նրա խոսքով՝ գերիների վերջին խմբի ազատ արձակումից հետո Հայաստանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին հրապարակայնորեն խոսել չի կարող՝ այլ երկրների անունները չհրապարակելու և նրանց հետ հարաբերություններին չվնասելու համար։
«Ասում են՝ կա տարբերակ, գնացեք, դիմեք երրորդ երկրի, դիցուք՝ Մադագասկարին. Մադագասկարը թող գնա, այցելի հայ գերիներին կամ միջնորդի ազատ արձակելու համար։ Դիմել ենք, չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ։ Անընդհատ թմբկահարում եք՝ մթոմ ձև կա, մենք էլ չե՞նք անում։ Չկա՛։ Ասո՞ւմ եք՝ ես ասել եմ, թե մեզ են ասել՝ հեռու խաղացեք։ Սխալվում եք, երրորդ երկրներին են ասել՝ հեռու խաղացեք», - նշել է Միրզոյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը երրորդ երկրներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու խնդրանքով դիմելու մեխանիզմի մասին է։ Մասնավորապես, եթե Հայաստանը որևէ երկրում ներկայացուցչություն չունի, կարող է մեկ այլ պետության խնդրել իր քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցել, օրինակ՝ այցելել նրանց բանտում։
«Այդ մեխանիզմն աշխատում է աշխարհում, տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, բայց լինում է, որ չի աշխատում։ Հիմա ուրիշ երկրի՝ մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, դիմել ենք, ու իրենց ասել են՝ գործ չունեք այս հարցի շուրջ։ Ուզո՞ւմ եք դառը իրականությունը, սա է», - ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հայ գերիների ազատ արձակման հարցում Հայաստանի ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ երկխոսության միջով։

