Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը

29.10.2026, 16:28
Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը
Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր վարչապետության ավարտին ցանկանում է տեսնել ստորագրված և վավերացված խաղաղության համաձայնագիր։

«Իմ նպատակը հետևյալն է, որ ես վարչապետի՝ իմ գործունեությունն ավարտեմ այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է։ Եթե այդպես չլինի, ես դա կհամարեմ ձախողում անձամբ ինձ համար», - նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգից շեղվելու բազմաթիվ պատճառներ կան ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Փաշինյանն իր միտքը բացատրել է՝ հղում անելով հայկական «Հազարան բլբուլ» հեքիաթին, որտեղ հերոսը ճանապարհին հնչող ձայների պատճառով շեղվելու դեպքում քարանում է։

«Հենց հարցի էությունն է դրանում։ «Հազարան բլբուլը» հայկական ազգային հեքիաթ է։ Այդ տեսարանը հիշում եք, չէ՞, որ վերջում ականջները բամբակներով փակում է, որովհետև անընդհատ բարձունքի ճանապարհին ձայներ են հնչում, տարբեր հայտարարություններ են հնչում։ Երբ այդ հայտարարություններից մեկի պատճառով շեղվում է, հերոսը քարանում է՝ դառնում է քար։ Եվ եթե մեր պատմությունը պատկերացնենք որպես մի վերելք, որը մենք պետք է հաղթահարենք, այդպես լիքը քարեր կան», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ կարևոր է կենտրոնանալ սահմանված նպատակի վրա։

«Մեր ռազմավարությունն այն է, որ մեր խնդիրը ոչ թե այն է, թե ինչ են ասում կողքից, այլ մեր նպատակը։ Մենք գնում ենք մեր նպատակի հետևից։ Հակառակ դեպքում հնարավոր չէ։ Մենք նաև մեր պատմությունից ենք այս դասը քաղել», - ասել է Փաշինյանը։