Զանգվածային ծեծկռտուք ԱԺ-ում․ Ռուբինյանը մեղադրում է Կարապետյանին, վերջինս էլ ասում․ «Բերնին կերան ու վատ կերան» (ՎԻԴԵՈ)

29.10.2026, 16:22
Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ, մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան, ասել է Կարապետյանը․ ՎԻԴԵՈ
Զանգվածային ծեծկռտուք ԱԺ-ում․ Ռուբինյանը մեղադրում է Կարապետյանին, վերջինս էլ ասում․ «Բերնին կերան ու վատ կերան» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը կոշտ բանավեճի պատճառ է դարձել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի վրա, մինչդեռ վերջինս միջադեպը համարել է խորհրդարանական գործընթացներին բնորոշ երևույթ։

Իր հերթին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իշխանությունները շահագրգռված չեն նման միջադեպերով, քանի որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ամեն դեպքում վերագրվում է իշխանությանը։

Ինչպե՞ս է սկսվել ծեծկռտուքը

Միջադեպը տեղի է ունեցել այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Ընդդիմության ներկայացուցիչների հասցեին հնչած նրա արտահայտություններն արժանացել են Նարեկ Կարապետյանի կոշտ արձագանքին, որից հետո պատգամավորների միջև սկսվել է լեզվակռիվ, որը վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։

Ռուբինյանը սկզբում հրաժարվել է ընդմիջում հայտարարել՝ նշելով, որ բոլորը պետք է տեսնեն, թե ինչ է տեղի ունենում խորհրդարանում։

Սակայն երբ պատգամավորները սկսել են հարվածներ հասցնել միմյանց, նիստն ընդհատվել է, իսկ դահլիճ են մտել անվտանգության ծառայության աշխատակիցները։ Կոնֆլիկտը շարունակվել է նաև խորհրդարանի ճեմասրահում։

Ռուբինյան․ անմիջական պատասխանատվությունը կրում է Կարապետյանը

Ընդմիջումից հետո Ռուբինյանը հայտարարել է, որ կրկին դիտել է միջադեպի տեսագրությունները և եկել այն եզրակացության, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Նարեկ Կարապետյանը։

«Պարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ։ Լրիվ նորմալ ելույթ էր ունենում, դուք, պարոն Կարապետյան, չեք տիրապետել ձեր էմոցիաներին, նախ սկսել եք վիրավորել Տարոն Չախոյանին, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Տարոն Չախոյանին», – հայտարարել է Ռուբինյանը։

Ռուբինյանը նաև նշել է, որ հատուկ նայել է՝ առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին։

«Պարոն Կարապետյան, ձեր հետ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատուն դուք եք։ Դուք եք սկսել այս ամեն ինչը, դուք եք սկսել ծեծկռտուքը», – նշել է Կարապետյանը։

Նա նաև հերքել է մեղադրանքները, թե ուշ է ընդմիջում հայտարարել և անվտանգության աշխատակիցներին կանչել՝ նշելով, որ նրանց հրավիրել է ծեծկռտուքի սկսվելուց անմիջապես հետո։

Բացի այդ, Ռուբինյանը հայտնել է, որ տեղեկություններ են ստացվել, որոնց համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն իբր հարձակվել են պատգամավորների վրա խորհրդարանի միջանցքում։

ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ տեղեկությունները դեռ ստուգված չեն։ Դրանց հաստատման դեպքում, նրա խոսքով, օգնականներն անմիջապես կհեռացվեն խորհրդարանից, իսկ հետագայում նրանց մուտքը շենք կարգելվի։

Կարապետյան․ «բերնին կերան ու վատ կերան»

Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կարող են ունենալ կոնֆլիկտ։

Նրա  գնահատմամբ՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովում, պառլամենտարիզմի սովորական պրոցես է։

«Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ, մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան», – ասել է Կարապետյանը։

Սիմոնյան․ իշխանությունը շահագրգռված չէ նման միջադեպերով

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ագրեսիվ են պահում, մինչդեռ իշխանությունը շահագրգռված չէ նման միջադեպերով, քանի որ պատասխանատվությունն ու հարցադրումները միշտ ուղղվում են հենց իշխանությանը։

Անդրադառնալով Ռուբինյանի գործողություններին, որը սկզբում չէր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, Սիմոնյանը ձեռնպահ է մնացել ԱԺ նախագահի քայլերը գնահատելուց։

«Պարոն Ռուբինյանը Ազգային ժողովի նախագահն է, նա իրավիճակը պետք է գնահատի ներսից, դրսից գնահատականներ տալը կարծեմ իմ կողմից կոռեկտ չի լինի», – ասել է Սիմոնյանը։

Միաժամանակ նա չի համաձայնել լրագրողների այն դիտարկմանը, թե տեղի ունեցածը վկայում է երկրում քաղաքական լարվածության մասին։

«Այսինքն` քաղաքական լարվածությունը նրա մասին է, որ բոլոր համայնքներում ընդդիմությունը չի կարողանում թեկնածու առաջադրել», – հայտարարել է Սիմոնյանը։