Փլվածք՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ տուժածներից մեկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ տուժածներից մեկը մահացել է։
«Մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն», - գրել է Ազարյանը Facebook-յան իր էջում։

