Երևանում դիմակավորված անձինք թալանել են բանկերից մեկի վճարային տերմինալը
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 25-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղից գողություն է տեղի ունեցել։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված բանկում անվտանգության ծառայության աշխատակից՝ Երևանի բնակիչ 54-ամյա Ս․ Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04:30-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված հասցեում տեղադրված՝ ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ անվտանգության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

