Հայաստանը և Նորվեգիան կհամանախագահեն NBSAP-ի իրականացման արագացման գործընկերությունը
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը՝ շարունակելով Կոլումբիայի և Գերմանիայի կատարած աշխատանքը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման արագացմանը (NBSAP) նվիրված նախարարական երկխոսությանը։
«Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ստանձնած հանձնառությունները կենսաբազմազանության պահպանության շոշափելի արդյունքների վերածելուն»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ ազգային նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ռեսուրսներ, մասնագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողություններ՝ միջազգային համագործակցությունը համապատասխանեցնելով երկրների առաջնահերթություններին։

