Փոքրիկը չսպասեց հիվանդանոց հասնելուն․ Արարատի մարզում շտապօգնության մեքենայում երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Արարատի մարզի Ոստան համայնքից ստացված սովորական թվացող շտապօգնության կանչն ավարտվել է անսովոր ու հուզիչ իրադարձությամբ․ փոքրիկն այնքան է շտապել լույս աշխարհ գալ, որ ծնվել է հենց շտապօգնության մեքենայում՝ Արտաշատի ծննդատան ճանապարհին։
Ամեն ինչ սկսվել է առավոտյան, երբ հղի Գայանեն որովայնի շրջանում ցավեր է զգացել։ Սկզբում նա չի հասկացել, որ ծննդաբերությունն արդեն սկսվում է։
«Առավոտյան 8-ին էր սկսվել ցավերս։ Սկզբում շտապ օգնություն չէի կանչել, մի քիչ վախեցել էի, հետո, որ ցավերս ուժեղացան, կանչեցինք», – պատմում է երիտասարդ մայրը։
Երբ յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է
Ոստան համայնքից ստացված կանչն այդ օրը առաջինն էր շտապօգնության Արարատի մարզային ծառայության բրիգադի համար։
«Առավոտյան մեր առաջին կանչն էր Ոստան համայնքից՝ հղի, ցավ որովայնում։ Մոտեցանք Ոստան համայնք, կնոջ մոտ արդեն սկսվել էր ծննդաբերության պրոցեսը, ուներ արյունային արտադրություն։ Որոշեցինք տեղափոխել հիվանդանոց», – պատմում է բժիշկ Սենինա Վարդանյանը։
Սակայն Արտաշատի ծննդատուն տանող ճանապարհին պարզ է դարձել, որ փոքրիկն այլևս սպասել չի պատրաստվում։ Բժշկուհին ստիպված է եղել վայրկյանների ընթացքում որոշում կայացնել՝ ծննդօգնությունն իրականացնել հենց շտապօգնության մեքենայում։
Իրավիճակն առավել պատասխանատու էր, քանի որ Սենինա Վարդանյանը նախկինում նման գործնական փորձ չէր ունեցել։
«Ինձ վրա վերցնելով պատասխանություն, չունենալով պրակտիկ նման փորձ, բայց տիրապետելով տեսական գիտելիքներին՝ փորձեցի օգնություն ցուցաբերել և կատարել ծննդօգնությունը մեքենայում՝ գնահատելով էքստրեմալ պայմաններում ռիսկային գործոնները», – պատմում է բժշկուհին։
Լարված պահերն ավարտվել են նոր կյանքի ծնունդով։
Ծննդաբերությունից հետո նորածնին իր գիրկն է վերցրել շտապօգնության Արարատի մարզային ծառայության բուժքույր Մերի Պողոսյանը։
«Փոքրիկին գրկեցի, շատ հուզված էի։ Գրկեցի մինչև հասանք Արտաշատի բժշկական կենտրոն», – պատմում է նա։
Ծննդատանը մորն ու նորածնին արդեն սպասում էին բուժաշխատողները։
Արտաշատի ծննդատան ղեկավար Արման Սահակյանի խոսքով՝ Գայանեին անմիջապես տեղափոխել են ծնարան, իսկ փոքրիկին զննել է նեոնատոլոգը։
«Մայրը խնդիրներ չուներ, պատռվածքներ չուներ, ընկերքային շրջանն անցավ շատ հանգիստ։ Երեխային շատ արագ նայեց նեոնատոլոգը, ստացան համապատասխան դեղորայքը», – պատմում է Սահակյանը։
Նրա խոսքով՝ մոր և նորածնի վիճակը գնահատվում է բավարար, նախատեսվում է երկու օրից նրանց դուրս գրել հիվանդանոցից։
Շուտով Գայանեն իր փոքրիկի հետ տուն կվերադառնա։ Իսկ շտապօգնության բրիգադի համար այս կանչը կմնա որպես հերթափոխերից մեկի ամենահուզիչ հիշողություններից մեկը՝ այն օրը, երբ հիվանդանոց տանող ճանապարհին նրանց օգնությամբ նոր կյանք ծնվեց։

