Հայաստանը և ԱՄՆ-ը Սպիտակ տանը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարը

28.10.2026, 12:11
Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր
 Հայաստանը և ԱՄՆ-ը Սպիտակ տանը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն Վիկտոր Ավիլայը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, հանդիպումը տեղի է ունեցել Պողոսյանի՝ ԱՄՆ  կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:

Զրուղակիցները հատուկ անդրադարձ են կատարել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:

Պողոսյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով տեխնոլոգիական նորագույն լուծումների և առաջադեմ մեթոդաբանության կիրառման կարևորությունը հանցավորության դեմ պայքարում:

Ավիլան իր հերթին ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը: 

ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակը (ONDCP) մտնում է ԱՄՆ նախագահի գործադիր աշխատակազմի կառուցվածքի մեջ և համակարգում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը և դրանց շրջանառության կասեցման գործողությունները։