Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 20-ին սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում կնոջը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։
Հայաստանի Քննչական կոմիտեից այսօր «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
«Նրանցից մեկի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)»,-հայտնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև. Սկանդալային կադրեր՝ Երևանի ավտոբուսում․ տղամարդը վիրավորում է հատակին նստած կնոջը, միջադեպով զբաղվում են իրավապահները

