Կոտրել էին անբնակ տան պատուհանն ու գողացել կենցաղային իրեր․ 1 անձ կալանավորվել է (ՎԻԴԵՈ)

23.10.2026, 19:03
Գողությունը կատարել են  Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը. ՎԻԴԵՈ

Կոտրել էին անբնակ տան պատուհանն ու գողացել կենցաղային իրեր․ 1 անձ կալանավորվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել բնակարանային գողության վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Քաղաքացին հայտել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կոտրել են Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող ծնողների անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր», - նշված է հաղորդագրության մեջ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։

Պարզվել է, որ գողությունը կատարել են նույն՝ Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը։ Պարզվել է նաև, որ նրանք նույն գյուղի մեկ այլ բնակիչ 58-ամյա տղամարդու միջոցով գողոնն իրացրել են Գյումրիում։

Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդն Առափի գյուղում ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են միջոցներ նրա հանցակից 22-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։