Դատարանը կարճել է նախկին հոգևորականների հայցերով վարույթները
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) երեք նախկին հոգևորականների Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցերով քաղաքացիական գործերի վարույթները, որոնք վիճարկում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ իրենց եկեղեցական պաշտոններից ազատելու և կարգալույծ անելու մասին որոշումները ։
Երկու գործերով վարույթները կարճելու մասին ուրբաթ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նախօրեին նույն հիմնավորմամբ որոշում էր կայացվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հայցով։
Երկու նախկին քահանաների գործերը
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատավորներ Սիմա Աբովյանն ու Հովհաննես Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե) հայցերով վարույթները։
Հայցվորները պահանջում էին անվավեր ճանաչել իրենց կարգալույծ անելու մասին Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությունները և վերականգնել իրենց՝ համապատասխանաբար Հովհաննավանքի ու Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։
Ինչպես հայտնել է փաստաբանը, երկու դեպքում էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ կարգալույծ անելու հարցերը կարգավորվում են Եկեղեցու Ներքին կանոնադրական իրավունքով և ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով։
Զոհրաբյանի խոսքով՝ դատարանները նաև նշել են, որ հոգևոր ծառայությունը չի կարող ավտոմատ կերպով հավասարեցվել աշխատանքային հարաբերություններին, իսկ Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից։
Բացի այդ, չեղարկվել են նախկինում կայացված հայցի ապահովման միջոցները, որոնք նախատեսում էին դատաքննության ընթացքում նախկին քահանաների կողմից հովվական պարտականությունների կատարման շարունակումը։
Զոհրաբյանը այս որոշումները գնահատել է որպես կարևոր նշանակություն ունեցող՝ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարության և նրա ինքնակառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության համար։
Թեմի նախկին առաջնորդի գործով որոշումը
Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 22-ին, հայտնի էր դարձել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի (ավազանի անունով՝ Արման Սարոյան) հայցով վարույթը կարճելու մասին։
Նա պահանջում էր անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Կաթողիկոսի տնօրինությունը և վերականգնել իրեն նախկին կարգավիճակում։
Ինչպես հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, Դատարանը եզրակացրել է, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու հարցերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են եկեղեցական կանոններով։
Դատարանը նույնպես չեղարկել է նախկինում ընդունված հայցի ապահովման միջոցները, որոնք Սարոյանի համար պահպանում էին թեմի առաջնորդի պարտականությունները կատարելու հնարավորությունը՝ մինչև դատաքննության ավարտը։
Սարոյանը, «Ազատությանը» հայտնել է, որ համաձայն չէ որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն։
Նրա պնդմամբ՝ իրեն պաշտոնից ազատելու և կարգալույծ անելու մասին որոշումները կայացվել են եկեղեցական ընթացակարգերի խախտմամբ։
Կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը
Սարոյանի գործով դատաքննությունը կապված է մեկ այլ գործընթացի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և ՀԱԵ վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործի հետ։
Ավելի վաղ դատարանը որպես հայցի ապահովման միջոց պարտավորեցրել էր չխոչընդոտել Սարոյանի կողմից թեմի առաջնորդի պարտականությունների կատարմանը՝ մինչև նրա քաղաքացիական հայցի քննության ավարտը։
Այս դատական ակտի չկատարումը հիմք էր դարձել Կաթողիկոսին և վեց հոգևորականներին (ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին) դատական ակտը չկատարելու մեղադրանք առաջադրելու համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մերժում է մեղադրանքները՝ քրեական հետապնդումը դիտարկելով որպես պետության միջամտություն Եկեղեցու ներքին գործերին։
Ընդ որում, Սարոյանի քաղաքացիական հայցով վարույթի կարճումն ինքնին չի նշանակում Կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական գործի կարճում։
Կարդացեք նաև. Վարչապետը նշել է եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի 3 հիմնական ուղղությունները

