Սեդրակ Քոչարյանի կալանքը 2 ամիս ժամկետով երկարաձգվեց
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով, հայտարարել է նրա փաստաբան Հակոբ Կուրեղյանը։
«Միանշանակ կբողոքարկվի դատական ակտը ստանալուց հետո։ Խոստացել են, որ շուտ կտրամադրեն դատական ակտը։ Փորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի», - նշել է փաստաբանը լրագրողների հետ զրույցում։
Քրեական հետապնդման մասին
Օգոստոսի 25-ին խուզարկություններ են իրականացվել Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող հասցեներում, այնուհետև Քոչարյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
Այնուհետև Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։
Դատախազությունից մասնավորապես հայտնել են, որ քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Ս․Ս․-ի (2000–2007 թթ․ այս պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը), նախկին վարչապետ Ա․Մ․-ի (2000–2007 թթ․ վարչապետ Անդրանիկ Մարգարյան), Երևանի նախկին քաղաքապետ Գ․Բ․-ի (Գագիկ Բեգլարյան) և այլ անձանց նկատմամբ։

