ԱՄՆ–ն շուրջ 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԱԾ–ին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ նվիրաբերեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։

«Այն կնպաստի Հայաստանի սահմանապահ ծառայության արդիականացմանը, սահմանային անվտանգության ամրապնդմանը և մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժի բարելավմանը», – նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Դեսպանությունից նշում են, որ այս աջակցությունն արտացոլում է Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի սահմանային կառավարման կարողությունները և աջակցելու տարածաշրջանային փոխկապակցվածությանը, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։
Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

