Վարչապետը նշել է եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի 3 հիմնական ուղղությունները
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվող երեք հիմնական ուղղությունները։
Հանձնաժողովը ստեղծվել է Ազգային ժողովի կողմից հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն սահմանել է դրա կազմը։
«Ես կարող եմ երեք հիմնական ուղղություն ասել, որ, իմ կարծիքով, պետք է քննիչ հանձնաժողովն աշխատի։ Առաջինը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ժողովական սկզբունքը պետք է երաշխավորվի։ Եկեղեցին հոգևորականները չեն, Եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները՝ հոգևոր դասի ներկայացուցիչները», - նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Երկրորդ ուղղությունը, ըստ վարչապետի, պետք է լինի հոգևորականների համար սոցիալական երաշխիքների համակարգի մշակումը։
Ըստ Փաշինյանի` երրորդ ուղղությունը կապված է Եկեղեցու ներսում բարեվարքության կանոնների հետ։
«Եկեղեցին ինքը, այլ ոչ թե կառավարությունը, պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի», - ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը նախատեսում է Հայ Առաքելական Եկեղեցու և պետության միջև հարաբերությունների կարգավորումը օրենքով։
«Ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի մեծագույն խնդիրը և առաքելությունը այն է, որ համապատասխան օրենսդրական առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր մենք չունենանք», - ասել է վարչապետը։
Փաշինյանի և ՀԱԵ–ի միջև հակամարտության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի՝ ներքաղաքական տարաձայնությունների և կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին:
Հակամարտությունը սրվեց 2024 թվականին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց բողոքի շարժումը, որը հետագայում պահանջեց կառավարության ղեկավարի հրաժարականը:
2025 թվականին Փաշինյանը հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սուր քննադատությամբ և հայտարարեց նրա հեռանալու և Եկեղեցու կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իշխանությունների գործողությունները որակեցին որպես միջամտություն ՀԱԵ ներքին գործերին:
Առճակատումն ուժեղացավ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերի ֆոնին: Իշխանությունները հայտարարում էին, որ իրավապահ մարմինների գործողությունները կապված չեն կրոնական գործունեության հետ, մինչդեռ ՀԱԵ-ում տեղի ունեցողն անվանում էին ճնշում Եկեղեցու նկատմամբ:

