Փաշինյանն ազդադարեց TRIPP-ի գործնական փուլի մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին:
«Սա հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։ Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները», - նշել է Փաշինյանը նախագծի մեկնարկին նվիրված ուղերձում։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։
«ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար», - ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը TRIPP-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։
«Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ TRIPP-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք - Արևելք կապակցվածությանը», - ընդգծել է նա։
TRIPP նախագծի մասին
TRIPP-ը նախատեսում է տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում Հայաստանի տարածքով, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Նախագիծը նաև կոչված է ապահովելու նոր տրանսպորտային հնարավորություններ Հայաստանի համար և նրա ինտեգրումը միջազգային լոգիստիկ երթուղիներին։

