ԱԺ-ն սահմանեց Հայ Առաքելական Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ նախագիծը։
Նախագծին «կողմ» է քվեարկել 62 պատգամավոր, «դեմ» և «ձեռնպահ» ձայներ չեն եղել: Ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն մասնակցի քվեարկությանը, ինչպես նաև չեն ընդգրկվի դրա կազմում:
Հանձնաժողովը կունենա 11 անդամ, 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։
Խորհրդարանական նախագծի ձևակերպման համաձայն՝ հանձնաժողովը ստեղծվել է «ուսունասիրելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրները»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշել է, որ հանձնաժողովի իրավասությունների շրջանակում լինելու են բարեվարքության խախտումները, դրանց բացահայտման և պատժելիության դեպքերի քննությունը, Հայ Առաքելական եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության ու հարկային պարտավորություններին առնչվող հարցերը։
Ավելին, նա նշել է, որ հանձնաժողովը կանդրադառնա եկեղեցու ինքնակառավարման համատեքստում Ազգային-Եկեղեցական ժողովների և Եպիսկոպոսաց ու Եկեղեցական ներկայացուցչական ժողովների պատշաճ գումարմանը, ինչպես նաև եկեղեցուն պատկանող կամ վերջինիս կողմից տիրապետվող գույքի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերին։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում ստեղծվել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին «բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի կողմից» (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը), ինչպես նաև խոսել էր Եկեղեցու կառավարման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։
Զեկույցի մասին
Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը սեպտեմբերի 24-ին հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որը պատրաստվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թթ.-երի ծրագրի շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանի կառավարության հրապարակած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցը» որակել է «իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական, հակականոնական և անօրինական»։
Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ «պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության»։
Փաշինյանի և ՀԱԵ–ի միջև հակամարտության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի՝ ներքաղաքական տարաձայնությունների և կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին:
Հակամարտությունը սրվեց 2024 թվականին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորեց բողոքի շարժումը, որը հետագայում պահանջեց կառավարության ղեկավարի հրաժարականը:
2025 թվականին Փաշինյանը հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սուր քննադատությամբ և հայտարարեց նրա հեռանալու և Եկեղեցու կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իշխանությունների գործողությունները որակեցին որպես միջամտություն ՀԱԵ ներքին գործերին:
Առճակատումն ուժեղացավ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերի ֆոնին: Իշխանությունները հայտարարում էին, որ իրավապահ մարմինների գործողությունները կապված չեն կրոնական գործունեության հետ, մինչդեռ ՀԱԵ-ում տեղի ունեցողն անվանում էին ճնշում Եկեղեցու նկատմամբ:

