Օրենսդրական պահանջները խախտելու պատճառով կասեցվել է ՀՀ մարզերից մեկում գործող դպրոցի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (ՖՈՏՈ)

24.10.2026, 14:31
Սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, առկա է եղել բորբոս. դպրոցի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
Օրենսդրական պահանջները խախտելու պատճառով կասեցվել է ՀՀ մարզերից մեկում գործող դպրոցի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։

Ինչպես հաղորդում է ՍԱՏՄ-ն, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝

- սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել,

- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,

- սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-նշվում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։