«Դա սովորական հանցագործություն է»․ Փաշինյանը՝ քաղաքացիների՝ էլեկտրոմոբիլների հետ կապված խաբեության դեպքերի մասին
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Էլեկտրոմոբիլների ներմուծման համար մաքսատուրքից ազատման քվոտաները տրամադրվում են վստահելի ընկերություններին, իսկ քաղաքացիներից գումարներ վերցնելու և անհետանալու դեպքերը սովորական հանցագործություններ են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Արտոնությունը վերաբերում է դիստրիբյուտոր ընկերություններին, որոնք էլեկտրոմոբիլներ են բերում և վաճառում։ Դա քվոտայի հետ կապ չունի, դա սովորական հանցագործություն է։ Ուրիշ խարդախության դեպք է»,– ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ընկերությունների՝ էլեկտրոմոբիլների ներմուծման նպատակով քաղաքացիներից գումարներ վերցնելու և անհետանալու դեպքերին։
Վարչապետի խոսքով՝ նման դեպքերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։
«Եթե դա տեղի է ունեցել, ուրեմն վստահելի ընկերություններ չեն»,– ասել է նա՝ հավելելով, որ քվոտաները տրամադրվում են, օրինակ, հայտնի ավտոարտադրողների՝ Հայաստանում գործող ներկայացուցիչներին։
Փաշինյանն անդրադարձել է նաև համացանցում ներդրումների առաջարկների միջոցով քաղաքացիներին խաբելու դեպքերին՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես են մարդիկ վստահում նման առաջարկներին և գումար փոխանցում անհայտ անձանց։
«Գիտեք՝ ինչի վրա եմ զարմանում, սիրելի քաղաքացիներ, 21-րդ դարում մեկ էլ նամակ եմ ստանում՝ ասում են՝ ինձ ինտերնետով առաջարկեցին այսքան փող ներդնեմ, այսքան տոկոս ինձ կվերադարձնեն, ես դա արեցի, վերջում խաբեցին։ Ո՞նց, ես դա չեմ հասկանում, անկեղծ եմ ասում»,– ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ եթե խարդախության սխեմաները նախապես ծրագրված են եղել, ապա դրանց հեղինակները կարող էին նախատեսել նաև իրավապահ մարմիններից թաքնվելու մեխանիզմները։

