2027թ.-ի հունվարից մի շարք սոցիալական ծառայություններ հասանելի կլինեն միայն YesEm համակարգի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ 2027 թվականի հունվարից նախատեսվում է ստորև նշված սոցիալական ծրագրերից կամ ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձանց մուտքը id.e-social.am հարթակ ապահովել միայն «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։
Ծրագրերի ցանկում ներառված են խնամքի ծառայությունների համակարգը, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության պետական ծրագրերը, անապահովության գնահատման համակարգը, անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության միջոցառումը, անձի ֆունկցիոնալության գնահատումը և ժամանակավոր անաշխատունակության նպաստը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։
Ինչպես մուտք գործել համակարգ և նախապես ակտիվացնել անհրաժեշտ ծառայությունները
-Բացել id.e-social.am և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
-Ընտրել Ձեզ հասանելի մուտքի տարբերակը՝ մուտք նույնականացման քարտով կամ մուտք բջջային նույնականացմամբ, և հետևել հրահանգներին։
-Բջջային նույնականացմամբ մուտքի դեպքում մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը։ Այս տարբերակի համար պետք է նախապես բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։
-Ինքնությունը հաստատել, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակ՝ Ձեր անձնական էջ։
Այս փոփոխությունից հետո ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։

