Երևանում խոշոր սուպերմարկետին պատկանող աղցանի արտադրամասի գործունեություն է կասեցվել

05.11.2026, 17:51
«Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել սահմանված նորմերին
Երևանում խոշոր սուպերմարկետին պատկանող աղցանի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է Երևան, Սեբաստիա 143 հասցեում գտնվող «Սիթի» ՍՊ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

«Սիթի» ՍՊ ընկերության պատասխանատուներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն ստանալու նպատակով հարցում է ուղարկել «Սիթի» ՍՊԸ-ին։