Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքացիական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Քոչարյանը Փաշինյանից պահանջում էր հերքել Facebook-յան իր էջում հետևյալ հայտարարությունը. «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է»։ Նա նաև պահանջում էր Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Դատարանի որոշմամբ` Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կբռնագանվի նաև 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
Նշենք ,որ հունիսի 5-ին կառավարության հերթական նիստի ժամանակ Փաշինյանը Քոչարյանին կաշառակեր էր անվանել։
«Դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է իրա դեմ կաշառքի գործը, ասել է` վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է, թող գնան, դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, «Ռոբերտ Քոչարյյան» անունը հնչի, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»», – ասել է Փաշինյանը։

