ՖԻՖԱ-ի նախագահը հրաժարվել է Աշխարհի առաջնությունում արտաքին ներդրողների ներգրավման ծրագրից
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է այն նախագծի աշխատանքների դադարեցման մասին, որով նախատեսվում էր Աշխարհի առաջնության հետ կապված կոմերցիոն գործունեության մեջ արտաքին ներդրողներ ներգրավել։
«Հնչեցված բոլոր տեսակետների ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ նախագիծը առաջացրել է այնպիսի տարաձայնություններ, որոնք անհնարին են դարձնում մեր առջև դրված խնդրի իրականացումը», - ասված է Ինֆանտինոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՖԻՖԱ-ի կայքում։
Նրա խոսքով՝ առաջարկի շուրջ աշխատանքները չեն շարունակվի։
«Ինտերֆաքս»-ի համաձայն՝ նախաձեռնությունն ավելի վաղ քննադատության էր արժանացել ՈՒԵՖԱ-ի, ֆուտբոլային այլ կազմակերպությունների և մի շարք քաղաքական գործիչների կողմից։ Նախագծի ընդդիմադիրները հայտարարում էին, որ արտաքին ներդրողների մասնակցությունը կարող է ուժեղացնել կոմերցիոն ճնշումը համաշխարհային ֆուտբոլի վրա։
Ինչպես նշում է The Guardian-ը, նախագծից հրաժարվելը չի հանել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում Ինֆանտինոյի ապագայի վերաբերյալ հարցերը։ Պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլային կոնֆեդերացիաները սկսել են դիտարկել հնարավոր թեկնածուներին կազմակերպության նախագահի առաջիկա ընտրությունների համար։
Ավելի վաղ Ինֆանտինոն առաջարկել էր ստեղծել FIFA Forward Enterprise դուստր ձեռնարկությունը՝ 20 միլիարդ դոլար ենթադրյալ շրջանառությամբ։ Նախատեսվում էր, որ այն զբաղվելու է առևտրային գործունեությամբ և միջոցառումների կազմակերպմամբ, բոլոր արտաքին ներդրողները կկարողանան ձեռք բերել դրա բաժնետոմսերի մինչև 20%-ը։
Ենթադրվում էր, որ նախագծում առանցքային դերերից մեկը կխաղա ամերիկացի գործարար Ջոշ Քուշները։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն և նրա բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական դիրքորոշում ունեն և միաձայն մերժում են Աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու՝ ՖԻՖԱ-ի առաջարկը:

