2500 քմ հողամասի ապօրինի օտարում և կեղծ եզրակացություն. Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի գործով նախաքննությունն ավարտվել է

04.08.2026, 18:20
Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել
2500 քմ հողամասի ապօրինի օտարում և կեղծ եզրակացություն. Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի գործով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թթ.-երի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:

Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին», - նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: