Գարեգին Բ կաթողիկոսը և եպիսկոպոսները կմասնակցեն դատական առաջին նիստին․ փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսները կմասնակցեն դատական առաջին նիստին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա նշել է, որ նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում)։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Գործում ներգրավված են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց անդամներ' արքեպիսկոպոսներ Նաթան Հովհաննիսյանը և Հայկազուն Նաջարյանը, ինչպես նաև եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը և Վահան Հովհաննիսյանը։
Զոհրաբյանը նշում է, որ քրեական հետապնդումը կապված է Կաթողիկոսի՝ թեմական առաջնորդի պաշտոնից հետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ որոշումների հետ։
Փատաբանի խոսքով՝ Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թվականի փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդն ազատել է Սարոյանին Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հնազանդության երդումը խախտելու համար:
Սարոյանն այն տասը եպիսկոպոսներից մեկն է, որոնք աջակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը: Նա դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում։ Դատարանը բավարարել է հայցը։

