Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը մնում է առաջնահերթություններից մեկը. Փաշինյան

07.08.2026, 10:46
Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը մնում է արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը մնում է առաջնահերթություններից մեկը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը մնում է արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաև ՀՀ կառավարության նոր ծրագրում, որը ինձ է վստահվել ղեկավարել»,- ասել է նա Ղրղզստանում ընդլայնված կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը կողմ է այն սկզբունքներին հավատարիմ մնալուն, որոնք ընկած են ԵԱՏՄ-ի հիմքում:

«ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է: Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեքորեն չեն իրականացվում. որոշ սահմանափակումներն ու վարչարարական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- ասել է նա:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մշտապես ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար:

«Մենք հետևողականորեն ելնում ենք նրանից, որ նմանօրինակ մոտեցում պետք է կիրառվի ԵԱՏՄ ողջ տարածքում: Հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ սկզբունքորեն կարևոր է, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել ընդհանուր շուկա անդամ պետությունների ապրանքների հասանելիության վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան՝ համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների հետ կառուցողական փոխգործակցության շրջանակում: Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն դանդաղեցնել ԵԱՏՄ հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել մեր երկրների քաղաքացիների և բիզնես համայնքի վերաբերմունքի վրա դրա նկատմամբ»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ ի վերջո, նման խնդիրները դադարում են լինել առանձին անդամ պետության խնդիրներ և դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրները: