Արարատ Միրզոյանը քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

01.10.2026, 22:35
Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ
Արարատ Միրզոյանը քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր. գոհունակությամբ ընդգծվել է Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում դինամիկ աճող փոխգործակցությունը: 

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքների շուրջ: 

Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: 

Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի: