2027թ․–ի սկզբին նախատեսվում է անցում կատարել TRIPP-ի գործնական քայլերին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

02.10.2026, 17:26
Նման մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք, ասել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը
2027թ․–ի սկզբին նախատեսվում է անցում կատարել TRIPP-ի գործնական քայլերին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ TRIPP նախագծի գործնական քայլերին անցումը նախատեսվում է 2027 թվականի սկզբին, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Ինչ պլանավորված էր, բավականին արագ տեմպերով առաջ է գնում։ Եթե նայենք, թե 1 տարվա ընթացքում որքան է ծրագիրն առաջ գնացել, ինչ զարգացում ենք արձանագրել, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք», - ասել է Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում։

Դեսպանի խոսքով՝ ներկայումս ուսումնասիրություն է անցկացվում, որը, նրա կարծիքով, կամփոփվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում, որից հետո՝ 2027 թվականի սկզբին, հնարավոր կլինի անցնել գործնական քայլերի։

«Ծրագիրը բազմաթիվ շերտեր ունի։ Մինչև դրա ուսումնասիրությունը պատրաստ չլինի, այդ ուսումնասիրությունից բխող տարբեր գործողությունների փուլերը հնարավոր չեն լինի։ Օրինակ՝ սովորական մի շենք կառուցելու համար նախագիծ, նախահաշվարկ, որքան ժամանակ է չէ՞ պահանջվում։ Պատկերացրեք՝ այդտեղ որքան շերտեր կան», - ասել է Մկրտչյանը։

Դեսպանը հայտնել է, որ ծրագրի ուսումնասիրությունը պատվիրված է, և այն իրականացնում է ամերիկյան AECOM ընկերությունը։

«Շուտով արդյունքները կլինեն, գնահատումը կիրականացվի, որից հետո արդեն կանցնի գործնական փուլի։ Ծրագիրը հասունացել է և հասել է արդեն գործնական իրականացման փուլ։ Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին արդեն հնարավոր կլինի հիմնարկեքի արարողությունը», - ընդգծել է Մկրտչյանը։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին: