ՀՀ-ում քաղաքացիների շուրջ 60%-ը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անհրաժեշտություն է տեսնում. հարցում

25.09.2026, 16:19
Հայաստանում Gallup International Association-ի հարցման մասնակիցների շուրջ 60%-ը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անհրաժեշտություն է տեսնում
 ՀՀ-ում քաղաքացիների շուրջ 60%-ը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անհրաժեշտություն է տեսնում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում Gallup International Association-ի հարցման մասնակիցների շուրջ 60%-ը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անհրաժեշտություն է տեսնում։

«38,5%-ը նշել է, որ միանշանակ այո, 20,3%-ը՝ ավելի շուտ այո, 9,3%-ը՝ ավելի շուտ ոչ, 25,1%-ը՝ միանշանակ ոչ, 6,9%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել», - հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Նավասարդյանը հայտարարել է, որ այն հարցին, թե ինչպես կքվեարկեին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու հնարավոր հանրաքվեին, հարցվածների 29,4%-ը նշել է, որ կքվեարկեր Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմում մնալու օգտին, 35,1%-ը՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու օգտին:

«Քաղաքացիների 24,7%-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 10,9%-ը դժվարացել է հարցին պատասխանել», - ասել է Նավասարդյանը:

Սեպտեմբերի 22-24-ին Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ:

Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանի իշխանությունները հայտարարում են Եվրամիության հետ մերձեցման և եվրոպական ստանդարտներին անցնելու մտադրության մասին՝ միաժամանակ հայտնելով ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու մտադրության մասին այնքան ժամանակ, քանի դեռ մասնակցությունը ինտեգրացիոն երկու ուղղություններին կլինի համատեղելի։

Մոսկվան բազմիցս զգուշացրել է Հայաստանի՝ ԵՄ չափանիշներին անցնելու դեպքում հնարավոր տնտեսական հետևանքների մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել ինտեգրացիոն տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ։ Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ն կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո էներգակիրների գների աճի դեպքում։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարել էր, որ գազի մատակարարումներն այս պահին ապահովված են, գործընկերների հետ շփումները շարունակվում են, իսկ պոտենցիալ ռիսկերը երկրի տնտեսության համար մնում են կառավարելի։