Հայաստանում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյանը` ՄԱԿ-ի ամբիոնից
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունի մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ականազերծման հարցում։
Բաքվում հայ գերիների մասին
2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման։ Ցմահ ազատազրկում նրանց նկատմամբ չի կիրառվել տարիքի պատճառով. երկուսն էլ 65-ից բարձր են։
Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվն անհայտ է։
Բաքվում հայտարարում են շուրջ 30 պահվող հայերի մասին, մինչդեռ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ նրանց փաստացի թիվը կարող է մոտ 80-ով ավելի լինել։

