«Չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը». Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարարավոր դուրսբերման մասին

24.09.2026, 15:19
Ալեն Սիմոնայնաը հայտարարել է, որ պետք չէ Թուրքիայի հետ սահմանի բացումը և ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից հնարավոր դուրս գալը կապել իրար հետ
«Չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը». Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարարավոր դուրսբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Անվտանգության խորհրդի քարոտւղար Ալեն Սիմոնայնաը հայտարարել է, որ պետք չէ Թուրքիայի հետ սահմանի բացումը և ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից հնարավոր դուրս գալը կապել իրար հետ։

«Ես չեմ կարծում, որ պետք է մեկը մյուսի հետ կապել։ Դա քաղաքական որոշում է, քաղաքական քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը, հայկական կողմն ասել է, որ այդ քննարկմանը պատրաստ է յուրաքանչյուր ելքով», – ասաց Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ։

Անվտանգության խորհրդի քարտուղարը ձեռնպահ մնաց գնահատական տալուց, թե արդյոք ռուսական 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ կլիներ Հայաստանի անվտանգության համար, եթե չլիներ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:

«Կա կարծիք, որ ընդհակառակը՝ դա վտանգ էր, այդպիսի գործիչներ էլ ունենք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո (Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրում, խմբ․) ինքը Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանությանը որևէ վտանգ չի տեսնում։

«Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը։ Չեմ ուզում կապել ռազմաբազայի հարցը Թուրքիայի հետ։ Օգոստոսի 8-ից հետո այդ սպառնալիքի գոյությունը, իմ գնահատմամբ, 0 է, որովհետև ռազմաբազայի և ռուսական խաղաղապահների գոյության պարագայում մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ», - ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը` ԱԽ քարտուղարը նշեց, որ ռուսական կողմն է բարձրացրել ռազմաբազայի հարցը։

«Մենք «ռազմաբազա» բառը երբևիցե որևէ հանդիպման ժամանակ չենք օգտագործել, Ռուսաստանի կողմից է հնչել այդ արտահայտությունը։ Գուցե սխալվում եմ, կարելի է ենթադրել, որ իրենք ինչ-որ բան ունեն քննարկելու»,- ասաց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ չի բացառվում, որ ռուսական կողմը ինչ-որ առաջարկ ունի։

«Ենթադրում եմ, որ իրենք ինչ-որ առաջարկ ունեն կամ գուցե մտածում են, որ ուզում են դուրս գան։ Դա նույնպես մեզ համար ընդունելի տարբերակ է»,- ասաց ԱԽ քարտուղարը։