Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում TRIPP-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում TRIPP-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ», - նշված է որոշման մեջ:
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:
TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:

