Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ հայտարարելով Ադրբեջանի օրենսդրության խախտումների մասին

18.09.2026, 14:51
Նա թվարկել է խախտումներ, որոնք հակասում են նախևառաջ հենց Ադրբեջանի օրենսդրությանը
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ հայտարարելով Ադրբեջանի օրենսդրության խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 16-ին հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որը պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:

Վարդանյանի պաշտոնական սոցիալական էջերում տեղադրված ձայնագրության մեջ նա թվարկում է խախտումներ, որոնք հակասում են նախևառաջ հենց Ադրբեջանի օրենսդրությանը։

Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Ումբակի քրեակատարողական համալիրում Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ միասին, հղում է կատարում Պատիժների կատարման օրենսգրքին և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին, որը Օմբուդսմենի գրասենյակը հանձնել էր կալանավորներին այս տարվա ապրիլին, և ընդգծում. այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։

Շարադրվածների թվում են՝ բանտարկյալների մի մասի  համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությունը, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությունը, ֆիզիկական վարժությունների սահմանափակումը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխանների բացակայությունը։

Առանձին Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է այն հանգամանքին, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։ Նա նաև նշում է, որ շատերը հնարավորություն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու և հեռախոսազանգեր կատարելու, քանի որ միջոցներ չունեն։

Նա հիշեցնում է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին, որը պատրաստ է մեկնել Բաքու, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի դատապարտված քաղաքացիների հետ, նրանց փոխանցել մոտ հազար նամակ, ծանրոցներ և անհրաժեշտ իրեր։ Նրա դիմումները մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկվել։

Նա խնդրել է ՄԻՊ-ին հանդիպել դատապարտյալների հետ և արձագանքել դիմումին։

«Կարևոր չէ, թե որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ, հետևեք ձեր իսկ օրենքներին», - նշել է Վարդանյանը։

Բաքվում հայ գերիների մասին

2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ստացել են 20-ական տարվա ազատազրկում։ Ցմահ ազատազրկում նրանց նկատմամբ չի կիրառվել տարիքի պատճառով. երկուսն էլ 65-ից բարձր են։

Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվն անհայտ է։

Բաքվում հայտարարում են շուրջ 30 պահվող հայերի մասին, մինչդեռ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ նրանց փաստացի թիվը կարող է մոտ 80-ով ավելի լինել։