«Միշտ չէ, որ բոլոր հայտարարություններին պետք է արձագանքել». Սիմոնյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին

16.09.2026, 17:10
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցի մասին՝ Գանձասար վանքի շուրջ ստեղծված իրավիճակից հետո
«Միշտ չէ, որ  բոլոր հայտարարություններին  պետք է արձագանքել». Սիմոնյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցի մասին՝ Արցախում հայկական Գանձասար վանքի շուրջ ստեղծված իրավիճակից հետո։

Ավելի վաղ Հաջիևը Ադրբեջանում աշխատող մի շարք երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Գանձասար և Դադիվանք վանական համալիրները ոչ թե հայկական, այլ աղվանական ծագում ունեն։

«Մենք միմյանց հետ զրուցում ենք մոտավորապես երկու օրը մեկ, անընդհատ կապի մեջ ենք։ Ես ունեմ նրա հեռախոսահամարը, նա՝ իմը։ Ամեն ինչից հետո ես խոսել եմم նրա հետ, չեմ պատմի մանրամասները։ Ես մտահոգություն եմ հայտնել, որ նման դեպքերը չխոչընդոտեն խաղաղության գործընթացին», - հայտարարել է Սիմոնյանը չորեքշաբթի կայացած ճեպազրույցում։

Սիմոնյանի խոսքով՝ այս թեմայով «արդեն ամեն ինչ ասված է», և «միշտ չէ, որ բոլոր հայտարարություններին պետք է արձագանքել»։

«Ես կարող եմ ինչ-որ կտրուկ բան ասել, այնպես արձագանքել, որ բոլորս 15 րոպե լավ զգանք, սակայն դրանով կարող եմ վնաս հասցնել բանակցություններին։ Մենք բազմիցս ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և հենց նման դեպքերում է դա անհրաժեշտ ցուցադրել։ Մենք չենք խոսում այն մասին, թե ով է իրավացի, ով՝ ոչ։ Նրանք ունեն իրենց տեսակետը, մենք՝ մերը», - նշել է Սիմոնյանը։ Նա հարց է բարձրացրել՝ «եթե ներգրավվենք այս բոլոր խոսակցությունների մեջ, դա մեզ ուր է տանելու»։

«Մի՞թե մեր ինքնության պաշտպանությունը դրանով է պայմանավորված։ Չի կարելի մեր ինքնությունը, խաղաղությունը և տեղի ունեցող բոլոր գործընթացները դնել կոնֆլիկտի մեջ։ Ես կարող եմ ձեզ ինչ-որ բան պատասխանել և ոգեշնչել ձեզ, սակայն արդյո՞ք դա օգուտ կբերի ցանկալի խաղաղությանը», - ասել է Սիմոնյանը։