Պատրաստ եմ ձեզ հետ միասին մեկնել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Ալեն Սիմոնյանին
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախի նախկին պետնախարար: Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստակամություն է հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Զոնաբենդը նշել է, որ ԶԼՄ-ներից է տեղեկացել Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին:
«Ողջունում եմ նման ուղևորության Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կբացի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար հարցերի լուծման համար: […] Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեկնել Բաքու: Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև բանտարկյալների այլ ընտանիքներում: Խնդրում եմ դիտարկել մեր մասնակցության հնարավորությունը ուղևորությանը, եթե այն կայանա, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների համաձայնեցմանը»,- ասված է Զոնաբենդի հայտարարության մեջ, որը տեղադրված է Ռուբեն Վարդանյանի Տելեգրամ-ալիքում:
Նա Սիմոնյանից հետաքրքրվել է՝ արդյոք նա նախատեսո՞ւմ է այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին, պատրա՞ստ է արդյոք մինչ ուղևորությունը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու նամակներ՝ բանտարկյալներին փոխանցելու համար:
«Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ նրանց սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը հսկայական նշանակություն ունի: Անազատության մեջ գտնվող մարդկանց համար սա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը կորսված չէ, և որ նրանց ճակատագիրն անուշադրության մատնված չէ: Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և պատրաստակամությունը քննարկելու, թե ինչպես օգտագործել այս հնարավորությունը կոնկրետ հումանիտար քայլի համար»,- ընդգծել է Զոնաբենդը:
Զոնաբենդի նախաձեռնությունը
Հունիսին Զոնաբենդը հանդես էր եկել հումանիտար նախաձեռնությամբ, որը նախատեսում էր կանանց միջազգային պատվիրակության այցի կազմակերպում Բաքու՝ անազատության մեջ գտնվող հայերին այցելելու համար:
Հուլիսին Վարդանյանի կինը երկու անգամ նամակ է հղել պլանավորվող ուղևորության կապակցությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի օմբուդսմենին: Հուլիսի 30-ին Փաշինյանին ուղղված նամակում նա խնդրել էր նշանակել նախաձեռնության համակարգման պատասխանատու և ապահովել անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցություն այցի նախապատրաստման հարցում:
Սեպտեմբերի սկզբին տեղի է ունեցել Զոնաբենդի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների, ինչպես նաև Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության կասեցման պայմաններում երրորդ երկրի միջոցով գերիներին այցելելու հնարավորությունների ստեղծումը, Բաքվում գտնվող ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական ծառայությունների մատուցումը և հումանիտար նախաձեռնությունների իրականացումը: Հարցը գտնվում է քննարկման փուլում:

