«Թուրքիայի հարձակվելու ցանկության դեպքում մենք չենք հասցնի հզորանալ». Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի խաղաղության, բանակի և անվտանգության մասին
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը պետք է ուժեղացնի իր բանակը, բայց միևնույն ժամանակ ձգտի ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հարևան պետությունները պատերազմի պատճառներ չեն ունենա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին։
Պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին, թե ինչու է Հայաստանը ձգտում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ նախապես չհասնելով իր ռազմական ուժի նշանակալի հզորացմանը, Սիմոնյանը հայտարարել է, որ համաձայն չէ նման մոտեցման հետ։ Համաժողովի մասնակիցը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը նախ պետք է դառնա ուժեղ պետություն, քանի որ միայն այդ դեպքում հարևանները նրան կվերաբերվեն որպես հավասարազոր գործընկերոջ։
«Ես ձեզ հետ համաձայն չեմ և չեմ կարող համաձայնել, որովհետև մենք արդեն առաջնորդվել ենք նման տրամաբանությամբ, նման մտածողությամբ, և հենց դա է մեզ հասցրել այն փոքր Հայաստանին, որի մասին դուք խոսում եք», - հայտարարել է Սիմոնյանը։
Թուրքիայի հնարավոր հարձակման մասին
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է երկրի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը, սակայն կասկած է հայտնել, որ բացառապես ռազմական զսպումն ունակ է ապահովել երկարաժամկետ անվտանգություն։
«Ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ հակառակորդն անգամ դրան գնալու կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի», - ասել է նա։
Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանը չպետք է իր քաղաքականությունը կառուցի բացառապես հարևանների կողմից հարձակման անխուսափելիության ենթադրության վրա։
«Եթե նրանք ցանկանան հարձակվել մեզ վրա, մենք չենք հասցնի հզորանալ», - հայտարարել է նա՝ խոսելով Թուրքիայի մասին։
Ընդ որում, Անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ է արել հրաժարվել այն պատկերացումից, ըստ որի՝ Հայաստանի անվտանգությունը կախված է բացառապես Ռուսաստանի ռազմական ներկայությունից։
«Այն խաբկանքը, որով մեզ 70 տարի կերակրել են, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի, իրականության հետ որևէ կապ չունի», - հայտարարել է Սիմոնյանը։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն մասնակցի տարածաշրջանային հաղորդակցային նախագծերին, քաղաքական ձևաչափերին և տնտեսական համագործակցությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և հարևան պետությունների շահերը շատ դեպքերում կարող են համընկնել՝ չնայած առկա տարաձայնություններին։
Որպես օրինակ նա բերել է Պաղեստինի հարցում Հայաստանի և Թուրքիայի վերաբերմունքը՝ նշելով երկու երկրների դիրքորոշումների մոտ լինելը՝ չնայած Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություններին։
«Մենք պետք է գտնենք շփման կետեր մեր երկու երկրների, երեք երկրների, տարածաշրջանի երկրների համար և հենվենք այդ շփման կետերի վրա։ Հենց այսպիսի մարտավարություն եմ ես ինձ համար պատկերացնում, և այլ ուղի ես չեմ տեսնում», - ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ մշտական հակադրության նախկին տրամաբանությանը վերադարձը, իր կարծիքով, չի բխում Հայաստանի շահերից։
Հայոց ցեղասպանության և պատմական հիշողության մասին
Քննարկման ընթացքում Սիմոնյանն անդրադարձել է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմային և պատմական հիշողությանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ը մնում է կարևոր և ծանր ամսաթիվ հայ ժողովրդի համար, սակայն ողբերգության մասին հիշողությունը չպետք է ձևավորի համոզմունք, թե նոր աղետն անխուսափելի է առանց արտաքին հովանավորության։
Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ 1960-ական թվականներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը թույլատրելու խորհրդային ղեկավարության որոշումը կապված է եղել նաև հայերի գիտակցության մեջ Ցեղասպանության հնարավոր կրկնությունից ռուսական պաշտպանության անհրաժեշտության մասին պատկերացումն ամրապնդելու ցանկության հետ։
Ընդ որում, նա ընդգծել է, որ մտադիր չէ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել զիջումների կամ ենթարկվելու հիման վրա։
«Ես չեմ պատրաստվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում գործել մի մարդու դիրքերից, ով ինչ-որ մեկի առջև գլուխ է խոնարհում կամ գնում է գայլի բերանը։ Ես պատրաստվում եմ թույլ չտալ նոր ցեղասպանություններ։ Ես պատրաստվում եմ թույլ չտալ հայկական պետականության անհետացումը։ Դա ամենակարևորն է», - հայտարարել է Սիմոնյանը։
Ժողովրդագրության և Հայաստանի ապագայի մասին
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրներին։
Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի բնակչությունն էապես չի ավելացել, այնինչ Ադրբեջանի բնակչության թվաքանակը հասել է մոտ 10 միլիոնի։
Սիմոնյանը կոչ է արել մտորել ստեղծված իրավիճակի պատճառների շուրջ և այն մասին, թե ինչու անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին չհաջողվեց հասնել պետության ցանկալի ամրապնդմանը։
Որպես պատմական հակամարտության հաղթահարման օրինակ նա բերել է Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք տևական պատերազմներից հետո դարձան դաշնակիցներ։
«Մենք պետք է մեր երեխաներին ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ», - ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նա նաև կոչ է արել իրատեսորեն գնահատել Հայաստանի տեղը միջազգային հարաբերություններում և հույս չդնել նրա վրա, թե այլ պետություններ առաջնահերթ ուշադրություն են դարձնելու նրա հիմնախնդիրներին։
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած մտածում է հայի աչքերի, «Ջերմուկի», ծիրանի և մեր դուդուկի մասի՞ն։ Ինչո՞ւ ենք մենք մեզ համոզում, թե միջին վիճակագրական ֆրանսիացին, ավստրալացին կամ ավստրիացին թողել է իր հոգսերը և մտածում է հայերի մասին», - ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի առանցքային խնդիրը նոր զինված հակամարտությունների կանխումն է։
«Մենք չպետք է պատերազմի առիթ տանք։ Դա էլ հենց մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքն է», - եզրափակել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

