Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել են TRIPP նախագծի իրականացման տեխնիկական խմբերը

07.11.2026, 13:38
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են «Թրամփի ուղու» առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի մեկնարկի մասին
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել են TRIPP նախագծի իրականացման տեխնիկական խմբերը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․    Հայաստանը, Միացյալ Նահանգները և Ադրբեջանը համատեղ հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի գործարկման մեկնարկի մասին, ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կայքում։

Նոր ձևաչափի մեկնարկին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։

Համաձայն հայտարարության՝ կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։

Դրանց կազմում կընդգրկվեն երեք երկրների պետական կառույցների ներկայացուցիչներ և տեխնիկական փորձագետներ։ Խմբերի աշխատանքն ուղղված է լինելու TRIPP-ի իրականացման հաջորդ փուլերին անցնելու հետ կապված տեխնիկական հարցերի լուծմանը, ներառյալ նախագծի համադրումը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ։

Կողմերը վերահաստատել են ԹՐԻՓՓ-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները։

TRIPP նախագծի մասին

TRIPP-ը նախատեսում է մուլտիմոդալ տրանսպորտային հաղորդակցության ստեղծում Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագծի երկաթուղային հատվածի համար նախատեսվում է օգտագործել այն տարածքը, որով անցնում էր երկաթուղին խորհրդային շրջանում։ Այդ հատվածի երկարությունը կազմում է մոտ 42 կմ, այն անցնում է Արաքս գետի հովտով։

Ընդ որում, ավտոմոբիլային ճանապարհի պարամետրերն եր դեռևս վերջնականապես որոշված չեն։

TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հրապարակված շրջանակային համաձայնագրի համաձայն՝ նախագիծը կարող է ներառել երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներ, էլեկտրահաղորդման գծեր, նավթամուղեր ու գազամուղեր, ինչպես նաև մալուխային մանրաթելային կապի գծեր։

Նախագիծը զարգանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։