Ռուբինյանն Արցախի «աղվանական» ժառանգության մասին Բաքվի հայտարարությունները որակել է անհիմն և խաղաղությանը չնպաստող
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բաքվի հայտարարությունները չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում և անհիմն են, հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այսպես է Ռուբինյանն արձագանքել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի օր առաջ դիվանագետների ուղեկցությամբ Արցախ կատարած այցի վերաբերյալ, որի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` Գանձասարի վանքը նա ներկայացրել էր որպես աղվանական։ Գրիգորյանը սա անվանեց մշակութային ցեղասպանություն։
«Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են», - ասաց Ռուբինյանը խորհրդարանում։
Մյուս կողմից, ըստ ԱԺ նախագահի, լավ է այն փաստը, որ կողմերը հիմա խաղաղության պայմաններում են, և անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով։
Գրիգորյանը պատասխանեց՝ նշելով, որ պետք է արձագանք հնչեցվեր գերատեսչության կողմից, բայց դա տեղի չի ունեցել և սա անվանեց «խայտառակություն»։
«Խաղաղությունն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում, և թույլ չպետք է տրվի, որպեսզի մեր պատմամշակութային ժառանգությունն ուղղակի վերացվի, անվանափոխվի։ Ակնկալում եմ, որ դուք ի պաշտոնե համապատասխան դիրքորոշումը կհնչեցնեք, և սա ամենևին չի խոչընդոտի խաղաղության հաստատմանը, այլ, ընդհակառակը, սեփական դիրքերի ամրապնդում կնշանակի», - նշեց պատգամավորը։
Գանձասար վանական համալիրը («գանձի լեռ») հայ մշակույթի նշանավոր հուշարձան է, առաջին անգամ հիշատակվել է հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից 10-րդ դարի կեսերին։ Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը Գանձասարը համարում էր համաշխարհային մշակույթի գանձարան մտած հինգ հայկական հուշարձաններից երրորդը։

