Փաշինյանը անընդունելի է համարել Բաքվի՝ Գանձասարի մասին հայտարարությունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները Գանձասարի վանական համալիրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղություն արժեք է և պետք է դրան խնամքով վերաբերվել։
Այս կերպ Փաշինյանը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորի կոչին՝ հայտարարելու, որ Գանձասարը հայկական է, այն բանից հետո, երբ Հաջիևը վերջերս օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր վանք։
«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը», — ասել է Փաշինյանը։
Նա անիմաստ է համարել Ադրբեջանին դա ապացուցելու խնդիր դնելը։
«Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Բայց մեզ համար դա որևէ բան, չի փոխում, չի փոխել և չի փոխելու», - ընդգծեց վարչապետը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ հաստատված խաղաղությունն արժեք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։
«Անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը։ Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանի պաշտոնայի կողմից, անընդունելի է և անհասկանալի։ Մյուս կողմից, ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ», — հայտարարեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է, բայց կրկին այդ կետին հասնելու համար ևս 30 տարի է պահանջվելու։
Գանձասարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում աշխատող մի շարք երկրների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Գանձասար և Դադիվանք վանական համալիրները ոչ թե հայկական, այլ աղվանական ծագում ունեն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Հաջիևի հայտարարությունները՝ դրանք որակելով որպես ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ձեռնարկել է «անհրաժեշտ քայլեր» տեղի ունեցածի կապակցությամբ՝ նշելով նաև Մատենադարանի դիրքորոշումն այս հարցում։

