«Եկեք այնպես անենք, որպեսզի թռչող կոշիկների երեկոն տեղի չունենա». Ռուբինյանը՝ պատգամավորներին (ՎԻԴԵՈ)

16.09.2026, 20:50
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ եթե Լևոն Քոչարյանն իրեն չհավաքի, տարբեր չափերի  64 կոշիկ միաժամանակ կսլանա իր ուղղությամբ. ՎԻԴԵՈ
«Եկեք այնպես անենք, որպեսզի թռչող կոշիկների երեկոն տեղի չունենա». Ռուբինյանը՝ պատգամավորներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի պահվածքին արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ նման վարքագծի կրկնության դեպքում նրա ուղղությամբ «64 կոշիկ կսլանա»։

Աղաջանյանի խոսքով՝ վարչապետի ելույթի ժամանակ Քոչարյանը ձեռքերով հասկացնում էր, թե պատրաստվում է կոշիկ նետել դեպի ամբիոն։

«Խնդրում եմ փոխանցեք Ռոբերտ Քոչարյանի որդուն, որ ինքը, եթե իրեն չհավաքի, և նման բան ևս մեկ անգամ կրկնվի, դահլիճի էս մասից տարբեր չափերի և բրենդերի 64 կոշիկ միաժամանակ կսլանան իր ուղղությամբ»,- ասաց Աղաջանյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց բռնության չդիմել։

«Ամեն դեպքում եկեք այնպես անենք, որպեսզի «թռչող կոշիկների երեկոն» տեղի չունենա Ազգային ժողովում։ Պարոն Քոչարյան կրտսերը, ըստ իմ գնահատականի, բավականին կոմպլեքսավորված անձնավորություն է և, թերևս, իր էմոցիաներն արտահայտելիս չի կարողանում մեկ-մեկ զսպել իրեն։ Ես կարծում եմ՝ մենք այլ մեթոդների պետք է դիմենք նրան կոմպլեքսներից ազատելու մեր գործում։ Նախ, կոշիկներն ափսոս են։ Երկրորդ՝ չեմ կարծում, որ բռնությունը ողջունելի է այս դահլիճում»,- նշեց Ռուբինյանը։