Մենք էլ ՌԴ-ից չենք ստացել ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

15.09.2026, 16:07
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հայտարարությանը
Մենք էլ ՌԴ-ից չենք ստացել ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ն նույնպես ռուսական ռազմաբազայի` Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ դիմում կամ հաղորդում ՌԴ-ից չի ստացել, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Նա այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն ռուսական ռազմաբազան դուրս հանելու վերաբերյալ դիմում չի ստացել ՀՀ-ից:

«Որքանով ես եմ տեղյակ, ՀՀ-ն էլ, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը և, հատկապես, խորհրդարանը նման դիմում ՌԴ-ից չեն ստացել։ Նման տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել, որ ՌԴ-ն պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, պետք է այդ մասին հայտարարի։

«Մենք էլ չենք ստացել իրենցից դիմում: Կարող է առաջիկայում իրենք դիմեն, թե ոչ, ես էլ չգիտեմ։ Հարցը հետևյալն է, եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա նաև հավելեց, որ ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի համար` ընդգծելով, որ այդ հարցերը նույնպես քննարկման ենթակա են։

Ավելի վաղ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանից Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչ։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում 1995 թ.-ից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական ​​պայմանագրի հիման վրա։ Բազան մարտական ​​հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում և հանդիսանում է Անդրկովկասում միակ ռուսական ռազմական բազան։

2010 թ.-ին կողմերը երկարաձգել են պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թ.-ը՝ հաջորդող հնգամյա ժամանակահատվածներում ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Բազան հագեցած է, մասնավորապես, C-300 համալիրներով. անձնակազմի թիվը կազմում է մոտ 5 հազար մարդ։