Հայաստանի կողմից համագործակցության զարգացումն ԱՄՆ-ի հետ և TRIPP նախագիծն ուղղված չեն Ռուսաստանի և այլ երկրների դեմ․ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան

04.09.2026, 22:32
Մկրտչյանը հերքել է պնդումն այն մասին, թե TRIPP նախագիծը և Վաշինգտոնի հետ այլ պայմանավորվածությունները վկայում են Ռուսաստանից դեպի ԱՄՆ Հայաստանի վերակողմնորոշման մասին
Հայաստանի կողմից համագործակցության զարգացումն ԱՄՆ-ի հետ և TRIPP նախագիծն ուղղված չեն Ռուսաստանի և այլ երկրների դեմ․ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կողմից համագործակցության զարգացումն ԱՄՆ-ի հետ և TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումն ուղղված չեն Ռուսաստանի կամ այլ պետությունների դեմ, Semafor ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Մկրտչյանը հերքել է պնդումն այն մասին, թե TRIPP նախագիծը և Վաշինգտոնի հետ այլ պայմանավորվածությունները վկայում են Ռուսաստանից դեպի ԱՄՆ Հայաստանի վերակողմնորոշման մասին: Նրա խոսքով՝ Երևանի վերջին տնտեսական նախաձեռնությունները «դիվերսիֆիկացման քաղաքականության» մաս են կազմում:

Դեսպանը խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում, սակայն նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացահայտ հայտարարել է, որ իր վերջին քայլերն ուղղված չեն Մոսկվայի դե

«Դա Ռուսաստանի դեմ չէ: Դա երրորդ երկրների դեմ չէ: Եվ մենք ուրախ ենք, որ այժմ մեր դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում ունենք այնպիսի առանցքային գործընկեր, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մենք նաև դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում»,- ասել է Մկրտչյանը:

Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ դեսպանը հայտնել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարել Թեհրանի հետ տնտեսական կապերի դադարեցման շուրջ:

Semafor-ի այն հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանը, եթե Վաշինգտոնն այնուամենայնիվ նման պահանջով դիմի Իրանի հետ Հայաստանի առևտրի վերաբերյալ, Մկրտչյանը պատասխանել է. «Ամեն ինչ էլ կարելի է քննարկել»:

Դեսպանի խոսքով՝ հայ-ամերիկյան հարաբերություններն այժմ կենտրոնացած են TRIPP-ի և նախագծի իրականացման առաջիկա խնդիրների վրա: Նա հավելել է, որ TRIPP նախագծի իրականացումն առաջ է ընթանում, տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստումն ակնկալվում է մինչև ընթացիկ տարվա վերջ, իսկ շինարարական աշխատանքները, հնարավոր է, մեկնարկեն արդեն 2027 թվականի սկզբին:

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին: